ԴԵՐԱՆՈՒՆ

Լեզվում կան բառեր, որոնք ցույց են տալիս անձ, առարկա, հատկանիշ և
այլն, սակայն առանց դրանց կոնկրետ անվանումների, օրինակ՝ Արմենը եկավ — Նա
եկավ. հինգ գիրք — այսքան գիրք։ Առանց կոնկրետ անվանումների՝ անձ, առարկա և
տարբեր հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մեկ խոսքի մասի մեջ,
որը կոչվում է դերանուն։ Դերանունն ունի ութ տեսակ՝ անձնական, ցուցական,
փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։
1.Անձնական դերանուններ
Անձնական դերանունները ցույց են տալիս խոսող, խոսակից կամ մի երրորդ
անձ։ Անձնական դերանուններն են՝ ես, դու, նա, ինքը (եզակի թիվ), մենք, դուք,
նրանք, իրենք (հոգնակի թիվ)։ Այս դերանուններն ունեն դեմքի կարգ. առաջին
դեմքը ցույց է տալիս խոսողին (ես, մենք), երկրորդ դեմքը՝ խոսակցին (դու, դուք),
երրորդ դեմքը՝ մի երրորդ անձի (նա, նրանք, ինքը, իրենք)։ Ինչպես տեսնում ենք,
երրորդ դեմքի համար կա երկու ձև, սակայն ինքը դերանունը, ստանալով ս, դ
հոդերը, կարող է առանձին կամ առաջին և երկրորդ դեմքերի դերանունների հետ
էլ գործածվել՝ արտահայտելով այդ դեմքերը (ինքս//ես ինքս, ինքդ//դու ինքդ)։
Ինքս, ինքդ ձևերը չեն հոլովվում, իսկ ինքը դերանունը հոլովվում է։ Անձնական դերանունների հոգնակի թիվը, ի տարբերություն գոյականների, կազմվում է ուրիշ
հիմքով և ոչ թե ցույց է տալիս մեկից ավելի նույն առարկայից, այլ տվյալ անձը և
այն խումբը, որի անունից նա հանդես է գալիս, որը տվյալ դեպքում ինչ-որ կերպ
առնչվում է նրան։ Հարգալից վերաբերմունք արտահայտելու համար անձնական
դերանվան երկրորդ դեմքը գործածվում է հոգնակի թվով, թեև վերաբերում է մեկ
անձի. այդ դեպքում դերանունը գրվում է մեծատառ (օրինակ՝ Ես Ձեզ շնորհավորում եմ)։ Երբեմն մենք դերանունը գործածվում է ես-ի փոխարեն։ Այս ձևը ընդունված է հատկապես գիտական ոճում և կոչվում է ՙհեղինակային մենք (օրինակ՝
Այդ հարցը մենք աշխատության մեջ այսպես ենք մեկնաբանել)։ Անձնական դերանունները հոլովվում են, բայց գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ այս դեպքում
ոչ թե միայն մասնիկ է ավելանում, այլ փոխվում է ամբողջ բառը։ Բացի այդ՝ անձնական դերանունները սեռական և տրական հոլովների համար առանձին ձևեր
ունեն։ Անձնական դերանունների ներգոյականը հիմնականում գործածական չէ.
միայն երբեմն հանդիպում են որոշ կիրառություններ, օրինակ՝ Մեզանում այդպես
է ընդունված։ Անձնական դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։

Հոլովը
Եզակի թիվ                                                                      Հոգնակի թիվ
1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք     1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք
Ուղղական   ես               դու             նա ինքը         մենք     դուք            նրանք իրենք
Սեռական    իմ               քո                նրա իր           մեր    ձեր                 նրանց իրենց
Տրական       ինձ           քեզ              նրան իրեն     մեզ    ձեզ                 նրանց իրենց
Հայցական   ինձ          քեզ               նրան իրեն    մեզ     ձեզ                 նրանց իրենց
Բացառ.     ին(ա)նից  քեզ(ա)նից  նրանից իրենից մեզ(ա)նից  ձեզ(ա)նից նրանցից իրենցից
Գործ.      ինձ(ա)նով  քեզ(ա)նով  նրանով իրենով մեզ(ա)նով ձեզ(ա)նով նրանցով իրենցով
Ներգոյական — — — — — — — ——————— — — — — — — — ————

2. Ցուցական դերանուններ

Ցուցական դերանունները ցույց են տալիս առարկա (երբեմն անձ) կամ հատկանիշ առանց դրանք կոնկրետ անվանելու։ Ցուցական դերանուններն են սա, դա,
նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես,
նույնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան,
նույնքան, այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեղ, այսչափ, այդչափ, այնչափ,
նույնչափ։ Ի տարբերություն անձնական դերանունների՝ ցուցական դերանունները
չունեն դեմք, բայց արտահայտում են տարածական և ժամանակային հարաբերություն, այսինքն՝ կարող են արտահայտել խոսողին, խոսակցին կամ մի երրորդ
անձի (առարկայի) մոտ գտնվող առարկա կամ այդ առարկայի հատկանիշը, ինչպես նաև խոսելու նյութի հետ ժամանակային հարաբերությամբ կապ ունեցող իրողություն, օրինակ՝ այս գիրքը (խոսողին մոտ գտնվող գիրք), այդ գիրքը (խոսակցին
մոտ գտնվող գիրքը), այն գիրքը (երրորդ անձին կամ առարկային մոտ գտնվող
գիրքը), այս տարի, այդ տարի, այն տարի և այլն։ առարկայանիշ ցուցական դերանուններն ունեն նաև եզակի և հոգնակի թվեր։
Այն ցուցական դերանունները, որոնք հատկանշային իմաստ են արտահայտում,
չեն հոլովվում։ Մյուս մասը հոլովվում է գոյականի նման՝ այսինքն մասնիկներ
ստանալով, ինչպես՝ այստեղ-այստեղի-այստեղի-այստեղ-այստեղից-այստեղով և
այլն։ Սա, դա, նա դերանունները անձնականների նման յուրատեսակ (դերանվանական) հոլովում ունեն:
Հոլովը                                Եզակի թիվ                                             Հոգնակի թիվ
Ուղղական                        սա դա նա                                               սրանք դրանք նրանք
Սեռական                       սրա դրա նրա                                            սրանց դրանց նրանց
Տրական                         սրան դրան նրան                                      սրանց դրանց նրանց
Հայցական                     սա(սրան) դա (դրան նա(նրան)             սրանք,(սրանց)դրանք,(դրանց)նրանք,(նրանց)
Բացառական              սրանից դրանից նրանից                           սրանցից դրանցից նրանցից
Գործիական                սրանով դրանով նրանով                          սրանցով դրանցով նրանցով
Ներգոյական             սրանում դրանում նրանում                       սրանցում դրանցում նրանցում

3.Փոխադարձ դերանուններ
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս իրար փոխադարձաբար կապված
անձեր, առարկաներ, երևույթներ։ Փոխադարձ դերանուններն են իրար (իրարու),
միմյանց, մեկմեկու (մեկմեկի)։ Սրանք չունեն եզակի թիվ, որովհետև ցույց են տալիս իրար կապված մեկից ավելի իրողություններ։ Չունեն նաև ուղղական հոլով։
Փոխադարձ դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։

Ուղղական — — —
Սեռական        իրար միմյանց մեկմեկու
Տրական          իրար միմյանց մեկմեկու
Հայցական       իրար միմյանց մեկմեկու
Բացառական    իրարից միմյանցից մեկմեկուց
Գործիական      իրարով միմյանցով մեկմեկով
Ներգոյական     իրարում միմյանցում մեկմեկում

4.Հարցական դերանուններ

Հարցական դերանուններն արտահայտում են խոսողի հարցումը որևէ իրողության մասին։ Հարցական դերանուններից են՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, ո՞ւր, ո՞ր, որտե՞ղ,
ինչպիսի՞, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ, ինչպե՞ս, որքա՞ն և այլն։ Հարցական դերանուների մի մասը չի հոլովվում, իսկ մյուս մասը հոլովվում է գոյականների
նման (օրինակ՝ ի՞նչ-ինչի՞-ինչի՞ն-ի՞նչ-ինչի՞ց-ինչո՞վ-ինչո՞ւմ)։ Յուրահատուկ հոլովում
ունի ո՞վ դերանունը։ Այն ունի եզակի (ո՞վ) և հոգնակի (ովքե՞ր) թվեր, սակայն
հոլովվում է մեկ՝ եզակի ձևով, որը գործածվում է և՛ եզակիի, և՛ հոգնակիի համար։
Սեռական հոլովից սկսած՝ անձնական և որոշ ցուցական դերանունների նման փոխվում է ամբողջ հիմքը, սակայն, ի տարբերություն դրանց, այս դերանունը սեռական և
տրական հոլովների համար տարբերակված ձևեր չունի։

Հոլովը                  Եզակի                   Հոգնակի
Ուղղական          ո՞վ                          ովքե՞ր
Սեռական            ո՞ւմ                        (ո՞ւմ)
Տրական              ո՞ւմ                          (ո՞ւմ)
Հայցական        ո՞ւմ                          (ո՞ւմ)
Բացառական   ումի՞ց                      (ումի՞ց)
Գործիական     ումո՞վ                     (ումո՞վ)
Ներգոյական — —

5. Հարաբերական դերանուններ
Հարաբերական դերանունները ձևով նույն հարցական դերանուններն են,
սակայն ոչ թե հարցում են արտահայտում, այլ ստորադաս և գերադաս նախադասությունները տարբեր հարաբերություններով կապում են իրար օրինակ՝ Նա
կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։ Աշխատանքը կատարեց այնպես,
ինչպես պահանջել էին։ Շենքը կառուցեցին այնտեղ որտեղ նախկինում ամայի
տարածություն էր։ Հետևաբար հարաբերական դերանունների վրա հարցական
նշան չի դրվում։ Իրենց քերականական հատկանիշներով (հոլով, թիվ) հարաբերական դերանունները չեն տարբերվում հարցականներից։
6.Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները առանց կոնկրետ անվանելու ցույց են տալիս տվյալ
դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դրանց ամբողջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),
յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման՝ ի արտաքին
հոլովմամբ, օրինակ՝ բոլորը-բոլորի-բոլորին-բոլորը-բոլորից-բոլորով-բոլորում։

7.Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ
անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և
այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը — մի
քանիսի — մի քանիսին — մի քանիսը — մի քանիսից — մի քանիսով — մի քանիսում։ Ոմն
դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝
Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը
ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք
առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց
հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց-ոմանցից-ոմանցով։
8.Ժխտական դերանուններ
Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող
անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է,
որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք
չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման, օրինակ՝ ոչինչ — ոչնչի – ոչնչին ոչինչ – ոչնչից – ոչնչով –
ոչնչում։ Արևմտահայերնում ժխտական դերանունների հետ բայերը դրվում են դրական խոնարհումով, օրինակ՝ Ոչ ոք ըսավ.- հե՛գ տղա, արդյոք ինչո՞ւ կմխա (Պետրոս
Դուրյան)։ Պետք է չշփոթել ոչ ոք դերանվան սեռական հոլովաձևը՝ ոչ ոքի (օրինակ՝
Ոչ ոքի չասես), և ոչ-ոքի ձևի մակբայը (օրինակ՝ Խաղն ավարտվեց ոչ-ոքի)։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
 4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից
 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:
 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ


Оставьте комментарий