Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ

 

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը գեղեցիկ զգեստներ հագնում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։  Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը, երբ  Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 


Оставьте комментарий