Ընթերցարան

07․06․2023

Տոմս1

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:

Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Տոմս 2

Աշխարհը և մենք: Օշո

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Տոմս 3

Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակ

 Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:

Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:

Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

Տոմս 4

Շների երկիրը: Ջանի Ռոդարի

 Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ որի եղած-չեղածը 99 տուն էր, ու ամեն տուն ուներ ճաղապատ դռնով պարտեզ, իսկ ճաղի ետևում՝ հաչող շուն:

Օրինակ՝ Ֆիդոն համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում է այն մյուս 98 տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:

Նույնը անում էին մյուս 98 շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, որովհետև ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:

Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս 98 տների առջևով, և ուրեմն, նաև 99 շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Պատկերացրե՛ք, թե ինչ է  լինում, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր 99-ն էլ հաչում էին միաբերան, 99 տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:

Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէին ունեցել իրար ասելու կամ լսելու:

Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Եվ ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :

Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում են, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր ,,հա՛ֆ-հա՛ֆ,,-ի նման մի բան, որից մարմին էր փշաքաղվում:

Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու 99 տները, թվում էր, դարձել էին 99 շնաբներ:

Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:

Մի անգամ այդ երկիրը եկավ Ջովանինոն՝ իր հանրահայտ ճանապարհոդություններից մեկի ժամանակ:

99 շները ողջունեցին նրան խմբային հաչոցով: Նա մի կնոջ ինչ-որ բան հարցրեց, ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:

— Հասկացա ,- եզրակացրեց Ջովանինոն: — Համաճարակ է:

Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց.
— Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատերի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես ու առաջին վալսից հետո անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
— Պարզ է, — ասաց Ջովանինոն,- ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը լրիվ առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք, որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Տոմս 5
 Առակ

Մի անգամ մի երիտասարդ տղա, ով իրեն շատ դժբախտ էր համարում, եկավ ծեր իմաստունի մոտ և ասաց, որ իր դժվար, ծանր կյանքի մեջ իմաստ չի տեսնում:
Նա երկար բողոքում էր կյանքից, որը, իր կարծիքով,  դաժան է և անարդար։ Իսկ իր ամեն մի տխուր մենախոսությունից հետո նա չէր մոռանում բացականչել. «Ինչի՞ համար եմ ես այսքան դժբախտ, ինչո՞ւ է իմ կյանքում ամեն ինչ շատ ավելի վատ, քան մյուս մարդկանց մոտ»։
Այդպես շարունակվեց մի քանի օր։
Երբ իմաստունը հոգնեց ամեն անգամ այդ նվնվոցը լսելուց,  նա երիտասարդին ուղարկեց աղ բերելու։ Իսկ հետո խնդրեց այդ մի բուռ աղը լցնել ջրով լի բաժակի մեջ և խմել։
-Ո՞նց է  համը, – հարցրեց իմաստունը, երբ տեսավ, որ երիտասարդը համից ծամածռում է դեմքը։
-Դա սարսափելի է և զզվելի,- ասաց երիտասարդը:
Իմաստունը միայն ժպտում է և խնդրում մի անգամ էլ վերցնել մի բուռ աղ։
Նրանք լուռ հասան մոտակա լճին։ Իմաստունը հրամայեց երիտասարդին աղը լցնել լճի ջրի մեջ։
-Իսկ հիմա խմիր այդ ջրից և ասա՝ ինչ զգացիր։
-Մաքուր, թարմ և շատ համեղ ջուր է, – ասաց երիտասարդը, – և ես բոլորովին էլ չեմ զգում աղի համը։
Այդ ժամանակ իմաստունը, նստելով երիտասարդի կողքին, գրկում է նրան և  ասում. -Ցավը մեր կյանքում մաքուր աղն է, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Ցավի քանակը միշտ կմնա անփոփոխ։ Սակայն մեր կողմից զգացած ցավը կախված է տարայի ծավալից, որի մեջ մենք այն լցնում ենք։
Այսպիսով, երբ մենք տառապում ենք և ցավից գալարվում, միակ բանը որ մենք կարող ենք անել այն է, որ մեր կյանքը  լցնենք  բազմազանությամբ և իմաստով, նաև շատ բաներին նայենք ավելի լայն հայացքով։ Պետք է դադարել լինել բաժակի նման։ Պետք է լիճ դառնալ։

Տոմս 6
 Մանուշակներ ամեն չորեքշաբթի: Անդրե Մորուա

 Ութսունամյա նշանավոր դերասանուհին դուրս եկավ տնից: Նա մտավ  ծաղկի խանութ։
— Այսօր չորեքշաբթի է, տիկի՛ն, — հոնքերը վեր ձգելով` ոչ այն է՝ հարցրեց, ոչ այն է` հաստատեց խանութի տերը:
— Այո՛, մի՞թե մոռացել եք:
Վաճառողը լռելյայն տիկնոջը մեկնեց մի փունջ մանուշակ։
Ծեր կինը, որին ճանաչում էր ողջ Փարիզը, քայլեց առաջ՝ պատասխանելով խոնարհ և հիացական ողջույններին: Դերասանուհին հասավ Մոնպառնասի գերեզմանոց, մոտեցավ մի շիրիմի և ձեռքի փունջը հոգածությամբ դրեց մարմարե սալիկին:
Ապա կանգնեց լուռ, խորհրդածությունների մեջ թաղված: Մտովի հիշեց իրեն երիտասարդության փայլուն տարիներին:
Այն ժամանակ քսաներկու տարեկան էր, բայց արդեն ճանաչված ու սիրված էր հանդիսատեսի կողմից: Հատկապես դեռահասներն ու պատանիները խենթանում էին հրաշեկ վարսերով, նշաձև շագանակագույն աչքերով, սլացիկ հասակով այդ դերասանուհու համար։ Նա հմայիչ էր ու շքեղ: Ծնվել էր բեմի վրա քայլելու համար:
Իր երկրպագուներից բազմաթիվ ծաղիկներ, նամակներ ու բացիկներ էր ստանում՝ ամենախենթ և բուռն սիրո բացատրություններով։
Մի չորեքշաբթի օր՝ հերթական հաղթական ներկայացումից հետո, դռնապանը նրան բերեց մանուշակների մի համեստ փունջ: Այն զարմանալիորեն քնքուշ բույր ուներ և կարծես ինչ-որ խորհրդավոր աշխարհի համր մունետիկն էր: Ջեննին հիացավ, ըմբոշխնեց մանուշակների ու հեքիաթի աշխարհից եկող բույրը։
— Ո՞վ է բերել այս փունջը, — հարցրեց աղջիկը:
— Մի համեստ ուսանող, — եղավ պատսախանը:
Եվ այդպես վեց ամիս անընդմեջ, ամեն չորեքշաբթի նույն ուսանողը բերում էր մանուշակների փունջը: Ջեննին վարժվել ու սիրում էր չորեքշաբթի օրվա այդ
խորհրդավոր ընծան:
Մի օր էլ նա խնդրեց դռնապանին, որ վերև թողնի այդ համեստ երկրպագուին:
Ջեննին սրտի թրթիռով էր սպասում նրան: Զարմանալի բան: Այդ օրը մանուշակներ չկային, չնայած դարձյալ չորեքշաբթի էր։
Ջեննին անհանգստացավ, սրդողած հարցուփորձեց դռնապանին: Վերջինս ասաց,որ այդ օրը ուսանողը չի երևացել: Անցավ էլի մի չորեքշարթի, ուսանողը չկար։

Ջեննին մեկնեց հյուրախաղերի։ Երկու ամիս նա բացակայում էր Փարիզից։ Երբ վերադարձավ, գտավ մի նամակ, որով նրանից տեսակցություն էր խնդրում մի գնդապետ։
— Օրիորդ, ես ուզում եմ հանձնել իմ որդու նամակները, որոնք ձեզ են հասցեագրված։ Ավա՜ղ, նա այլևս չի կարող դա անել: Արդեն երկու ամիս է, ինչ նա հերոսացել և նահատակվել է Մադագասկարում։
Ջեննին հուզված ու ալեկոծված նայում էր նամակների տրցակին: Նա դեռ ոչ մի խոսք չէր ասել։
-Օրիո՛րդ, ես հասկանում եմ ձեր շփոթմունքը: Բայց, կարծում եմ, դուք կհասկանաք իմ որդուն, որը պաշտում էր Ձեզ, և որի միակ մխիթարությունը ամեն չորեքշաբթի ձեզ մի համեստ փունջ մանուշակ բերելն էր:
Դերասանուհին սթափվեց իր հուշերից: Նա մտովի ժպտաց իր պատանի ասպետին, մտքում աղոթք մրմնջաց ու քայլեց դեպի մուտքը:
Այսպես ամեն չորեքշաբթի:

Տոմս 7

Փոքրիկ դրախտ: Խուլիո Կորտասար

 Երջանկության եղանակները շատ տարբեր են և բնավ պետք չէ զարմանալ, որ  Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ դարձան այն օրից, երբ նրանց արյան մեջ հայտնվեցին ոսկե ձկները:

Ճիշտն ասած, այդ ձկները ոչ թե ոսկուց են, այլ ոսկեգույն են, բայց բավական է տեսնել դրանց փայլն ու կայտառությունը և ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ոմն բնագետ որսաց առաջին ձկներին, և սկսեց բարենպաստ պայմաններում արագ բազմացնել դրանց: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը շատ փոքր է. պատկերացրեք ճանճի չափերի հավ: Ոսկե ձուկն այդ հավի մեծության է: Հետևաբար, երբ լրանում է երկրի բնակիչների 18 տարին, դյուրությամբ ներարկում են ձկներին նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման օպերացիան սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ կմտնեն բժշկական այդ հատուկ կենտրոններից մեկը, որտեղ գալիս են իրենց ընտանիքների հետ և ձեռքի երակներին միացնում փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որի մեջ բաց են թողնում 20 ոսկե ձուկ: Երանելին ու նրա միասին նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկների խաղը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ շուքով նշելու իրեն հասած երանությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են գլխավորապես երևակայության, քան իրականության հետ ուղղակի շփման շնորհիվ: Ոսկե ձկները ներարկվելուց հետո անտեսանելի են, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք: Հատուկ հուզմունք է առաջացնում այն միտքը, թե 20 ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք ներխուժում գլխի մեջ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր խայտալու համար հարմար թեք ոլորաններ, լճակներ, սրընթաց հոսանքներ են: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ձկները ծանոթանում են, զույգեր կազմում, միավորում իրենց ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Ոմանք անգամ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքուստ համընկնում են նրանց ներսի ռիթմերին: Արդ, հնարավո՞ր է արդյոք ավելի ներդաշնակ երջանկություն: Պատկերը մթագնում է միայն այն հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ — երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչառությունը, կա գլխապտույտ: Եթե այդպիսի բան են զգում, ապա իսկույն հանում են ներարկման սրվակը. որը նման դեպքերի համար պահում են տանը: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու արյան շրջանառությունը նորից կարգավորվում է: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը 3 սրվակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոսկե ձկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է 20 դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Երբ օտարերկրյա դիտորդները համարում են սա ծանր հարկ, երկրի բնակիչներն ընդվզում են, որովհետև ամեն սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը լիովին արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին մտածելիս (դա պատահում է հաճախ), իշխանությունը թույլ է տալիս նրանց ձեռք բերել սրվակներն ապառիկ՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ որևէ մեկը մնում է առանց սրվակների, ապա դիմում է գերհաջողակ սև շուկային, որը իշխանության համաձայնությամբ ծաղկում է` հասկանալով մարդկանց պահանջմունքն ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Վերջապես, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, եթե հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկներ, և ոսկե ձկներ կստանան բոլոր սերունդները, և նորից ու նորից կլինեն տոնակատարություններ, պարեր, երգեր:

Տոմս 8

Ճագարներ լուսնի տակ: Դինո Բուցատի

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են:

Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն:
Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անակնկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

 

Տոմս 9

Երիտասարդ խեցգետինը: Ջանի Ռոդարի

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր. «Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը քայլում են ետ—ետ: Ես այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի»:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ, ու առաջին օրերին շատ հոգնեց. ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-քիչ, փորձերը սկսեցին հաջողվել, եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլ կարելի է սովորել:

Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
— Հապա նայե՛ք:
Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:
— Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,- Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ պես, որ քեզ շատ են սիրում:
Բայց նրա եղբայրները միայն փռթկացնում էին: Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.
— Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Իսկ եթե ուզում ես համառել, գետը մեծ է. գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետինը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր վրա, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կանայք, հավաքվելէին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,- նայե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ,եթե կարող եք:
— Էլ հարգանք չի՛ մնացել,- ասաց մեկ ուրիշը:
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետինը շարունակեց քայլել իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
— Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
— Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը:Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
— Բարի՛ ճանապարհ:

Տոմս 10

Ծերունին կամրջի մոտ: Էռնեստ Հեմինգուեյ

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:
Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:
— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:
— Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:
Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն, ու նա ժպտաց:
— Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:
— Օ՜,- արտաբերեցի՝ լավ չհասկանալով:
— Այո՛,- ասաց նա,- հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:
Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.
— Ի՞նչ կենդանիներ էին:
— Տարբեր,- ասաց ու թափահարեց գլուխը:- Ես ստիպված էի նրանց թողնել:
Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:
— Ի՞նչ կենդանիներ,- հարցրի:
— Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա,- երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:
— Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,- հարցրի:
— Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:
— Իսկ ընտանիք չունե՞ս,- հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:
— Ո՛չ,- ասաց նա,- արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:
—  Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,- հարցրի:
— Ես քաղաքականություն չունեմ,- ասաց նա:- Ես յոթանասունվեց տարեկան եմ: Արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:
— Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես:- Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:
— Մի քիչ կսպասեմ,- ասաց նա,- ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:
— Դեպի Բարսելոն,- ասացի նրան:
— Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,- ասաց նա,- բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:
Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց. «Կատվի հետ ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները…. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին»:
— Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:
— Այդպե՞ս ես կարծում:
— Իսկ ինչո՞ւ ոչ,- ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:
— Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:
— Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,- հարցրի ես:
— Այո՛:
— Ուրեմն նրանք կթռչեն:
-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները … Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,- ասաց նա:
— Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,- պնդեցի ես:- Վեր կաց և փորձիր քայլել:
— Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:- Ես կենդանիներ էի պահում,- վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:- Ես կենդանիներ էի պահում:
Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Տոմս 11

Երկնքի դարպասների մոտ: Խորխե Բուկայ

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Տոմս 12

Սերը։ Տոնիո Գուերա

Ֆեդերիկո Ֆելլինին մահից երկու օր առաջ ասաց. «Ո՛նց եմ ուզում մի անգամ էլ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ամենածայրին մարդն ուզում է մի անգամ էլ սեր ապրել, ճախրել երկրի վրա, ենթարկվել նրան, ում ուզում է ենթարկվել, հոգում լսել նվագախմբի երաժշտությունը:
Նա կնոջ մասին չէր ասում։ Ուզում էր ասել՝ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես պարզապես մարդ լինելուց, դառնում ես բույր։ Չես քայլում գետնի վրա, այլ ճախրում ես։ Այ, սիրահարվածության այդ վիճակն էլ հենց կարևորն է կյանքում։ Եվ կարևոր չէ՝ ինչի ես սիրահարված՝ կնոջ, աշխատանքին, աշխարհին թե կյանքին:
Սերը ուրախություն կամ թախիծ չէ, պարգև կամ փորձություն չէ, այլ այդ բոլորը միասին մի ճանապարհորդություն՝ հեքիաթային ու կախարդական մի երկիր, արահետ է դեպի գաղտնիքը, որ պիտի բացահայտես։ Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի։ Բայց մի վիճակը միշտ լցվում է մյուսի մեջ, և այդ մյուսը կարող է ավելի ուժեղ զգացում լինել, քան սիրահարվածությունն է։
Այսօրվա ամուսնությունները երկարատև չեն, և նախկին սիրահարվածները զրկվում են մեծ բացահայտումից՝ ի՛նչ հրաշալի բան է միասին՝ ձեռք ձեռքի տված գնալ դեպի մահը։ Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ կբերեն։ Այդպես չէ։ Իտալերեն մի արտահայտություն կա՝ «վոլեր բենե»։ Բառացի դա նշանակում է «լավը ցանկանալ»։ Կա «ամարե»՝ սեր բառը, բայց կա «վոլեր բենեն»։ Դա այն է, երբ մարդուն վերաբերվում ես այնպես, որ նրանից մոտ ուրիշ մեկը չունես։ «Ամարեն» հենվում է ֆիզիկական վայելքի վրա։
Աշխարհում ամենաւժեղ զգացումն այն է, երբ «ամարեն» վերաճում է «վոլեր բենեի»։ «Վոլեր բենե» զգացմունքից ավելի կարևոր բան աշխարհում չկա։ Դա գալիս է միայն միասին ապրած տարիների հետ, որոնք չեն տարել վստահությունը։ Այսպիսի երկար կապի կորուստն ավելի ողբերգական է, քան սիրո, առավել ևս ֆիզիկական վայելքի կորուստը։ «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկություւնը։ Ես բախտ եմ ունեցել ապրելու «վոլեր բենե»։ Իննսուն տարեկան եմ դառնում, և կողքիս Լորան է՝ կինս, որին գտել եմ Ռուսաստանում ավելի քան երեսուն տարի առաջ։
Ինձ զարմանալի սիրային պատմություններ են հանդիպել։ Ծնվել ու ապրում եմ այնտեղ, ուր կանգնած է Ֆրանչեսկա դա Ռիմինիի ամրոցը, և որտեղ Սանտ Արկանջելոյում եղած ժամանակ ապրում էր Դանթեն։ Ֆրանչեսկան սիրում էր Պաոլոյին, այդտեղ էլ ամուսինն սպանել է սիրահարներին։ Ու քանի որ այս ամենը տեղի է ունեցել իմ տնից տասը քայլի վրա, ինձ համար սիրո ավելի պայծառ ու սրտամոտ պատմություն չկա։
Հսկայական «վոլեր բենե» կար իմ հանճարեղ ընկեր Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի միջև։ Ֆելինիին խնամում էին ամբողջ աշխարհի կանայք, բայց նրա վերջին ժեստը իսկական սիրո օրհներգ էր Ջուլիետային. ըստ էության կաթվածահար՝ նա փախավ կլինիկայից, երբ իմացավ, որ կինը մահանում է Հռոմի հիվանդանոցում։ Նա հաղթահարեց հիսուն կիլոմետր և պառկեց կնոջ կողքին։ Իսկ երբ մեռավ Ֆելինին, վախճանվեց նաև Ջուլիետան։

Տոմս 13

Քիթը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասուն քանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ:
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է:
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ:
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին:
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում, որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է:
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո, — ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք:
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

 

Տոմս 14

Խորության որոնումը։ Կոստանտին Շերեմետև

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։

Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

 

Տոմս 15

Սարդոստայնը։ Ակուտագավա Ռյունոսկե

Մի անգամ Բուդդան միայնակ շրջում էր դրախտային լճակի ափին:
Ողջ լճակը ծածկել էին մարգարտափայլ ճերմակությամբ լոտոսները, նրանց դեղին միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:

Այդժամ դրախտում առավոտ էր:

Բուդդան մտորմունքի մեջ կանգ առավ և հանկարծ ջրի հայելում տեսավ լոտոսի լայն տերևների մեջ առկայծող այն ամենը, ինչ կատարվում էր խորը ներքևում, Լոտոսի լճակի հատակին:

Դրախտային լճակը հասնում էր ընդհուպ մինչև դժոխքի ընդերքը:
Նրա բյուրեղյա ջրերի միջից Ասեղնալեռն ու Սանձու գետն այնքան պարզորոշ էին երևում, ինչպես մանրադիտակի դիտանցքից: Այնտեղ՝ դժոխքի խորխորատում, վխտում էր մեղավորների ահռելի բազմությունը: Եվ այնպես պատահեց, որ Բուդդայի հայացքն ընկավ Կանդիտա անունով մի մեղավորի վրա:
Այդ Կանդիտան սարսափելի ավազակ էր: Նա բազում չարիքներ էր գործել` սպանում էր, առևանգում, կրակի տալիս, բայց այդուհանդերձ, նրա արածների մեջ մի բարի գործ գտնվեց:

Մի անգամ նա քայլում էր անտառի թավուտի միջով և հանկարծ տեսավ` հենց արահետի մոտ վազում է մի պստլիկ սարդ: Կանդիտան այն է, ոտքը վրա էր բերել, որ տրորի նրան, բայց ահա ինքն իրեն ասաց. «Չէ, նա թեև փոքր է, բայց ինչ ուզում ես ասա, կենդանի էակ է: Ափսոս է նրան զուր սպանելը»:
Եվ խղճաց սարդին:
Հայելով դժոխքի պատկերը՝ Բուդդան հիշեց, որ ավազակ Կանդիտան մի անգամ սարդին կյանք է պարգևել, և կամեցավ նա, եթե հնարավոր է, փրկել մեղավորին դժոխքի վիհից` ի հատուցում լոկ այդ բարի գործի: Այդ պահին, երջանիկ պատահմամբ, Բուդդայի աչքն ընկավ դրախտային սարդը: Նա հիասքանչ արծաթյա թել էր կախել, նեֆրիտի պես կանաչ լոտոսի տերևից:
Բուդդան զգուշորեն ձեռքը վերցրեց նրբին սարդոստայնը և նրա ծայրն իջեցրեց մարգարտաճերմակ լոտոսներով պատված ջրի մեջ: Սարդոստայնը սկսեց իջնել ուղիղ ներքև, մինչև որ հասավ դժոխքի ամենահեռավոր խորքերը:

2

Այնտեղ՝ դժոխքի հատակին, Կանդիտան այլ մեղավորների հետ անողորմ տառապանքներ էր կրում Արյան լճում՝ մեկ վեր լողալով, մեկ խրվելով հորձանուտը:

Ամենուր, ուր աչքդ կտրի, ականակիր խավար էր տիրում: Սոսկ երբեմն խավարում ինչ-որ բան էր աղոտ պեծկլտում. աղոտ փայլկտում էին սարսափելի Ասեղնալեռան ասեղները: Բառեր չկան, որ նկարագրես այդ տեսարանի մռայլ սարսափը: Շուրջբոլորը լուռ էր, ինչպես գերեզմանում: Միայն երբեմն լսվում էին մեղավորների խուլ հոգոցները:

Շատ տարիներ հետո դժոխքի ամենախորունկ տեղերը նետված հանցավոր հոգիները տնքալու և լալու ուժ չէին գտնում:

Ահա թե ինչու նույնիսկ մեծ ավազակ Կանդիտան, արնախեղդ լինելով Արյան լճում, լոկ անձայն ջղաձգվում էր, ինչպես սատկոտող գորտ:
Բայց հանկարծ Կանդիտան գլուխը բարձրացրեց և սկսեց զննել Արյան լճի վրա կախված մութը: Այդ անապատային մշուշից, հեռու-հեռավոր երկնքից, հենց դեպի իրեն, նրբին շողով ցոլցլալով, սահուն իջնում էր արծաթե սարդոստայնը, ասես երկյուղելով, որ չլինի թե իրեն նկատեն մյուս մեղավորները:
Կանդիտան ուրախությունից ծափ զարկեց: Պետք է միայն կառչել այդ սարդոստայնից և մագլցել դրանով՝ ավելի ու ավելի վեր բարձրանալով: Այդժամ հաստատ դժոխքից կսպրդես:
Իսկ եթե բախտդ բանի, ապա, մեկ էլ տեսար, դրախտ էլ ընկնես: Եվ քեզ այլևս չեն քշի Ասեղնալեռան գագաթը, չեն նետի դարձյալ Արյան լիճը:

Այդ հույսով գոտեպնդված՝ Կանդիտան երկու ձեռքով ամուր կառչեց սարդոստայնից և սկսեց ողջ ուժով մագլցել վեր:

Ինքնըստինքյան, փորձառու գողի համար դա սովորական գործ էր:

Սակայն դժոխքից մինչև դրախտային կացարանը բյուր-տասնյակ հազար ռի է: Որքան էլ նա ջանում էր, նրա համար հեշտ չէր լեռնային բարձունքներ հաղթահարելը: Մագլցում, մագլցում էր Կանդիտան վեր և վերջապես նույնիսկ նրան՝ այդպիսի ուժեղ մարդուն, զգետնեց հոգնությունը: Նա չէր կարող առանց շունչ քաշելու հասնել մինչև երկինք:

Ճար չկար, հարկ էր հանգստանալ: Ահա նա կես ճամփին կանգ առավ, կախված է սարդոստայնից, հանգստանում է, և հանկարծ ցած նայեց, խորունկ վիհին:

Զուր չէր այդպես համառորեն Կանդիտան մագլցում վեր այդ բարալիկ սարդոստայնով: Արյան լիճը, որտեղ նա հենց նոր դաժան տանջանքներ էր կրում, մնացել էր ականակիր խավարում: Իսկ սարսափելի Ասեղնալեռան գագաթը, որ աղոտ փայլկտում էր դժոխային խորխորատի խավարում, արդեն իր ոտքերի տակ է: Եթե նա հետագայում էլ այդպես ճարպկորեն մագլցի, դե ինչ, թերևս, իրոք որ հաջողվի դուրս պրծնել դժոխքից:

Ամուր կառչելով սարդոստայնից, Կանդիտան առաջին անգամ երկար տարիների ընթացքում կրկին մարդկային ձայն ձեռք բերեց և քրքջալով գոչեց.

— Փրկված եմ, փրկված:

Բայց տեղնուտեղը հանկարծ նկատեց, որ մյուս մեղավորները ևս անթիվ և անհամար պատել էին սարդոստայնը և, ինչպես մրջյունների տողան, նրա ետքից սողում են վեր ու վեր:

Այդ տեսարանից Կանդիտան վախից և զարմանքից որոշ ժամանակ միայն կարողանում էր աչքերը պտտել՝ տխմարավարի բերանը լայն բացած:

Այդ բարալիկ սարդոստայնը հազիվ նրան էր դժվարությամբ պահում, էլ ուր մնաց՝ մարդկանց այդչափ բազմությանը:

Եթե սարդոստայնը պատռվի, ապա նա ինքը ևս, դառն է մտածելը, նա ինքը, արդեն այդքան վեր ելած, գլխիվայր դժոխք կընկնի: Մնաս բարով փրկության հույս:

Մինչ նա ինքն իրեն ասում էր այդ ամենը, մեղավորները ողջ պարսերով սողոսկում էին Արյան լճի մթին խորքերից: Հարյուր, հազարավոր մեղավորներ, ձգված երկար շղթայով, փութկոտ վեր էին սողում, ինչպես նրբին շող ցոլացող սարդոստայնով: Պետք է արագ ինչ-որ բան ձեռնարկել, կամ էլ սարդոստայնն անպայման կպատռվի, և նա կգլորվի անդունդը:
Եվ Կանդատան ողջ ձայնով ճչաց.
— Էյ դուք, մեղավորներ: Սա իմ սարդոստայնն է: Ո՞վ է ձեզ թույլ տվել մագլցել դրանով: Դե, շուտ իջեք: Վայր իջեք:

Բայց ահա թե հենց նույն պահին ինչ կատարվեց:

Մինչ այդ տեղը տեղին և անվնաս սարդոստայնը ճայթելով պատռվեց հենց այն մասում, որտեղից կառչել էր Կանդատան:

Ախ քաշել էլ չհասցրեց, երբ, հոլի պես պտտվելով, սուլոցով քամին հատելով, գլխիվայր թռավ ավելի ու ավելի ներքև, ականակիր խավարի ամենախորքը:

Եվ միայն սարդոստայնի մի կարճ կտորն էր շարունակում կախված մնալ, ցոլցլալով, հանց բարալիկ շող, դժոխքի անաստղ, անլուսին երկնքում:

3

Լոտոսի լճակի ափին կանգնած՝ Բուդդան տեսավ այն ամենը, ինչ կատարվեց, սկզբից մինչև վերջ: Եվ երբ Կանդիտան, նետած քարի նման, թաղվեց Արյան լճի հենց խորքում, Բուդդան վշտահար դեմքով դարձյալ շարունակեց իր զբոսանքը:

Կանդիտայի սրտում կարեկցանք չկար, նա մտածում էր լոկ այն մասին, թե ինչպես ինքը փրկվի դժոխքից, և դրա համար ըստ արժանվույնս պատժվեց` դարձյալ նետված է դժոխքի խորխորատը: Ինչ ամոթալի և խղճուկ էր երևում այդ պատկերը Բուդդայի աչքին:
Սակայն դրախտային Լոտոսի այգու լոտոսներն անհաղորդ էին մնում:
Նրանց մարգարտաճերմակ ծաղկաբաժակները լռիկ օրորվում էին հենց Բուդդայի ոտքերի մոտ:
Եվ նրա ամեն մի քայլափոխին լոտոսների ոսկյա միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:
Դրախտում ժամանակը մոտենում էր կեսօրին:

Տոմս 16

Ջրի կաթիլը: Հանս  Քրիստիան  Անդերսեն

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթենայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:
Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:
Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:
—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:
Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:
—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:
—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էր մյուսներից:
—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:
Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:
—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:
Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:
—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:
—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:
—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:
—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 17

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց․ այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ և եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմիր Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։
Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։
Միևնույն ժամանակ դժվար թե երբևէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախչել։ Եվ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցանկացած լավ աղջիկ գայլի հետ զրուցելուց հետո ծաղիկներ չէր հավաքի և կմտածեր․ «սա հաստատ իմ տատիկին ուզում է ուտել, արագ վազեմ օգնության հետևից»։
Նույնիսկ տատիկն ու որսորդը զերծ չեն կասկածանքներից։ Եթե այս պատմությանը նայենք որպես իրական հերոսներով դրամայի, ապա կնկատենք, թե ինչպիսի կոկիկությամբ են նրանց անհատականությունները միմյանց հետ կապվում։

ա․ մայր, ով հավանաբար ձգտում է ազատվել աղջկանից «դժբախտ պատահարի» միջոցով, որպեսզի պատմության վերջում կարողանա բողոքել․ «միթե ահավոր չէ՞, նույնիսկ անտառ չես կարող գնալ, առանց մտածելու, որ ինչ֊որ մի գայլ․․․»

բ․ գայլ, ով նապաստակներ և այլ կենդանիներ ուտելու փոխարեն միանշանակ իր հնարավորություններից բարձր է ապրում։ Նա կարող էր գուշակել, որ ինքն իր գլխին փորձանք է բերում և որ վերջը վատ է լինելու։ Նա հավանաբար երիտասարդ ժամանակ Նիցշե էր կարդացել (եթե նա կարողանում է խոսել և գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է․ ապրիր վտանգներով լի և մահացիր փառքով։

գ․ տատիկ, ով ապրում է մենակ, սակայն չգիտես ինչու դուռը փակ չի պահում։ Նա հավանաբար ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարևանությամբ ապրել։ Տատիկը բավականին երիտասարդ կին է թվում, չէ որ նա այդքան փոքր թոռնուհի ունի։ Իսկ ինչու՞ արկածներ չփնտրել։

դ․ որսորդ, ով, հավանաբար, այն փրկարարներից է, ում դուր է գալիս փոքրիկ աղջիկների հետ միասին պարտված հակառակորդին պատժել։ Մեր դիմաց ակհայտ դեռահասական պատկեր է։

ե․ Կարմիր Գլխարկ․ գայլին հայտնում է, թե որտեղ կարող են նորից հանդիպել, և անգամ նրա ծոցն է մտնում։ Նա բացահայտ խաղեր է խաղում գայլի հետ։ Նրա համար այդ խաղն այս անգամ հաջող ավարտ է ունենում։

Այս հեքիաթում յուրաքանչյուր հերոս ձգտում է գործողության ամեն գնով։ Եթե արդյունքը վերցնենք այնպիսին, ինչպես իրականում է, ապա ընդհանուր առմամբ այս ամենը բանսարկություն է, որի ծուղակն ընկնում է դժբախտ գայլը։ Նրան թողել են երևակայել, որ շատ խորամանկ է և կարող է բոլորին ֆռռացնել։ Եվ այդ դեպքում, հեքիաթը իմաստը գուցե նրանում չէ, որ փոքրիկ աղջիկները պետք է հեռու մնան անտառներից, որտեղ գայլեր են ապրում, այլ այն, որ գուցե գայլերին է պետք հեռու մնալ անմեղ թվացող փոքրիկ աղջնակներից և նրանց տատիկներց։ Կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։ Եվ ևս մեկ հետաքրքիր հարց, որ առաջանում է․ ի՞նչ էր անում մայրը աղջկան մի ամբողջ օրով տատիկի տուն ուղարկելով։
Եթե ընթերցողն այս վերլուծությունը ցինիզմ համարի, ապա խորհուրդ կտանք նրան պատկերացնել Կարմիր Գլխարկին իրական կյանքում։ Գլխավոր պատասխանն այս հարցի մեջ է․ ի՞նչ է դառնալու Կարմիր Գլխարկն ապագայում այսպիսի մորով և նման փորձով։

Տոմս 18

Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի


Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև, ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:

Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէիք ունենա՞:

— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:

— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:

— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:

— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:

— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:

— Ես պանդոկապան եմ, սիրելի՛ պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:

Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:

Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:

— Քաղաքացի՛, — ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:

— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևե՛ք ինձ:

— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում։ Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

Տոմս 19

Գորտը: Ագուտագավա Ռյունոսկե

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.

— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:

— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:

Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:

— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:

— Ճիշտ է, ճիշտ է:

Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.

— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:

Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.

— Թող սուրբ լինի անունը քո, տեր:

Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Սարսափելի է, կըռ, կըռ:

Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.

— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:

— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:

Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Տոմս 20

Կորսված օրեր: Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:

Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:

Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.

-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:

Մարդը նայեց նրա ու ժպտաց.

-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:

-Ի՞նչ օրեր:

-Քո օրերը:

-Իմ օրե՞րը:


Оставьте комментарий